Վոլգոգրադի մարզի շրջանային դատարանը տեղաբնակ մի կնոջ դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՝ իր չորսամյա դստերը տանջելու համար, որին նա մտցնում էր լվացքի մեքենայի մեջ ու թողում այնտեղ։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնում է՝ մարզի դատախազությանը վկայակոչելով։
Հայտնում են, որ 2016-ի ամռանը վիճաբանություններ են սկսվել 21-ամյա կնոջ ու նրա ամուսնու միջեւ, որոնց համար կինը մեղադրում էր իր առաջին ամուսնությունից ծնված մանկահասակ դստերը ։ Այդ հողի վրա մայրը երեխային սիստեմատիկ կերպով ծեծում էր, այդ թվում զանազան կենցաղային առարկաներով։
«Նա երկար ժամանակ գիշերները երեխային թողնում էր ծածկոցի մեջ փաթաթված ու կպչուն ժապավենով ամրացված, աննշան առիթներով երեխային մի քանի ժամով անկյուն էր կանգնեցնում, նաեւ առնվազն երկու անգամ նրան լվացքի մեքենայի մեջ է գցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից՝ կինը աղջկան ամբողջ օրերով թողնում էր փողոցում՝ ցուրտ եղանակին, արգելելով մտնել տուն ու սահմանափակելով նրա ուտելիքը, հավելել են դատախազությունից։ Դատապարտյալն ընդունել է իր մեղավորությունը։
Դատարանը կնոջը դատապարտել է 3 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի բանտում, նաեւ բավարարել է դատախազի միջնորդությունը՝ նրան ծնողական իրավունքից զրկելու մասին։ Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել ու կարող է բողոքարկվել։
























