Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 16-ին փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը պայմանավորված է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու եւ հաշվառումը վերականգնելու ծախսերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, վերը նշված գործողություններն այլեւս չեն համարվի հաշվառման գործողություններ եւ դրանց համար չի պահանջվի վճարել օրենքով սահմանված 5000 դրամ վճարը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս որոշումը կարեւորվում է հատկապես գյուղատնտեսության ոլորտում զբաղված բնակիչների համար։ Նրա հանձնարարությամբ՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նիստից հետո լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց այդ նախագծի վերաբերյալ։
Ըստ ոստիկանապետի՝ հաշվառումից դուրս գալու եւ հաշվառման կանգնելու անվճար կարգը տարածվում է բոլոր տեսակի մեքենաների վրա՝ անկախ նրանց գնից, շարժիչի հզորությունից, քաղաքում կամ գյուղում լինելուց։ «Առաջացել էր վիճակ, որը արդարացի դժգոհություն էր առաջ բերել այն մարդկանց մոտ, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս են օգտվում տրանսպորտային միջոցից։ Պետք է աջակցություն ցուցաբերեինք այդ մարդկանց»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նոր կարգով սահմանվում է, որ մեքենան ժամանակավորապես հաշվառումից հանելու համար բավարար է ճանապարհային ոստիկանությանը ներկայացնել միայն համարանիշները եւ անհրաժեշտ փաստաթղթերը։ Հաշվառումից հանելն ու հետագայում նորից հաշվառման կանգնեցնելու համար պետական տուրք չի գանձվի։ Ոստիկանապետի խոսքով՝ դա թույլ կտա մոտ 60 տոկոսով կրճատել ապահովագրության ծախսերը հատկապես գյուղացիության շրջանում։ Նրանք մի քանի ամսվա ապահովագրության համար փաստացի կվճարեն 8-9 հազ. դրամ՝ 30 հազարի փոխարեն։




























