«Կադրային վերջին փոփոխությունների պաշտոնական պարզաբանումները որոշակի տարակուսանք են հարուցում»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկության փաստը:
«Կոնկրետ Դանիելյանի մասով ես կիսում եմ վարչապետի դիրքորոշումը, որ արդարադատության նախարարը պետք է պատժեր իր ենթակային անհարիր պահվածքի համար: Բայց ես չեմ հասկանում, թե ինչու անհարիր պահվածքի համար պաշտոնանկ է արվում ոչ նա, ով կատարել է այդ գործողությունները, այլ բոլորովին այլ մարդ»,- նկատել է Հովհաննիսյանը:
Խոսելով Երեւանի նախկին քաղաքապետի մասին՝ Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել, որ միայն հրաժարականից հետո լրատվամիջոցներում սկսեցին փաստեր հրապարակվել նրա ապօրինի գործողությունների մասին. «Եթե լրատվամիջոցները գիտեին այդ փաստերի մասին, ինչու ավելի վաղ չէին հրապարակում»:
Անդրադառնալով քաղաքապետի հնարավոր թեկնածուների մասին շրջանառվող լուրերին, Հովհաննիսյանը նկատել է, որ ով էլ զբաղեցնի այդ պաշտոնը, դրական փոփոխություններ ակնկալել պետք չէ, քանի որ խնդիրները կառուցվածքային բնույթ ունեն: «Խնդիրը քաղաքականության եւ բիզնեսի միաձուլման մեջ է: «Եթե անգամ պետական պաշտոնյաները շրջեն կոստյումներով եւ թիթեռնիկներով, իրավիճակը Հայաստանում չի փոխվի»,- ասել է նա:
Խոսելով արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության մասին, դաշնակցական պատգամավորները անկեղծորեն խղճացել են նրան:





























