Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի շրջանակում դեռեւս չի բարձրացվել ունեցվածքը բաժանելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոսի»-ն:

«Դեռեւս չի բարձրացվում ունեցվածքի բաժանման հարցը»,- ասել է նա:

Փաստաբանի խոսքով՝ այս պահին հայտնի չէ Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան արդյոք համաձայն է ամուսնալուծվել:

Հինգշաբթի Կունցեւոյի հաշտարար դատական №202 տեղամասը Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի կողմերի հետ զրույց է անցկացնում: Նիստը փակ ռեժիմով է ընթանում:

82-ամյա դերասանի եւ նրա 38-ամյա կնոջ միջեւ հրապարակային սկանդալը սկսվել է այն բանց հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով ասել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից եւ հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:

Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել էր, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: Նրա մայրը նշել է, որ դուստրը հեռացել է՝ հետեւանքներից զգուշանալով: