Իրանում եւ Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալներով՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ Twitter-ի իր էջում:

«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը անցել է 330-ից, տուժածների թիվը հասել է շուրջ 3950-ի:

7,2 մագնիտուդով աղետալի երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի Իրանի ու Իրաքի սահմանին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահ քաղաքից 104 կիլոմետր դեպի արեւմուտք։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են  տարածաշրջանի այլ քաղաքներում եւս, այդ թվում նաեւ Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Իսրայելում։