Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է Սիրիայի Աֆրին նահանգի հարցով գործողությունների համատեղ պլան կազմել։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք Սիրիայի Իդլիբի նահանգում մեր սահմանը հսկողության տակ ենք վերցրել։ Աֆրինը նույնպես մեզ սահմանակից նահանգ է։ Մենք չենք կարող անտեսել սպառնալիքը, որը գալիս է Աֆրինից։ Վճռական ենք տրամադրված անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Մենք բանակցել ենք ՌԴ–ի հետ այնտեղ մեր համատեղ գործողությունների հարցով։ Մեր պլաններին նրանց դրական մոտեցումը նոր հնարավորություններ է բացում»,– ասել է Էրդողանը։

Աֆրինն այս պահին վերահսկվում է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից, որոնց Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության հետ կապված ահաբեկչական կազմակերպություն է համարում։