Սիրիայի պատերազմը մոտենում է իր ավարտին, սակայն հակամարտության լիակատար ավարտի մասին խոսել դեռ շուտ է: Այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը՝ նոյեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Սիրիան աստիճանաբար մտնում է հետպատերազմյան ժամանակաշրջան: «Սիրիայի իշխանություններն իրենք են հայտարարել, որ վերահսկում են տարածքի 90 տոկոսից քիչ ավելին եւ վերջապես կարելի է ասել, որ «Իսլամական պետության» դեմ գործնականում հաղթանակ է տարված », - հստակեցրել է արեւելագետն ու հավելել, որ Դեյր էլ Զորի ազատագրումը մեծ նշանակություն ուներ եւ մեծ ձեռքբերում էր «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում:

Փորձագետը նաեւ նշել է, որ Սիրիայի իշխանություններին հաջողվել է հաղթանակած դուրս գալ միջազգային ճգնաժամային այդքան բարդ իրավիճակից: Արեւելագետի կարծիքով դա հնարավոր դարձավ Սիրիայի համախոհների, մասնավորապես՝ Ռուսաստանի ու շիա կամավորականների, ինչպես նաեւ Լիբանանի կամավորականների աջակցության շնորհիվ:

«Եթե նրանց աջակցությունը չլիներ, կարծում եմ, միանգամայն հնարավոր է, որ Սիրիայի կառավարությանը չէր հաջողվի հաղթանակի հասնել», - ընդգծել է Փաշայանը՝ հավելելով, որ Սիրիայի հասարակության տարբեր հատվածներ աջակցում էին նախագահ Ասադին: