ԱՄՆ իշխանությունները ծրագրել են Սիրիայի հյուսիսում նոր տեղական կառավարում ստեղծել, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի չներկայացած պաշտոնյաներին:

Հաղորդվում է, որ Սիրիայից «ԱՄՆ-ի կտրուկ հեռանալը» Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կարող էր օգնել «ավարտել երկրի տարածքի գրավումը» եւ «երաշխավորել նրա քաղաքական կենսունակությունը»:

Պարբերականը հայտնում է, որ նման տարբերակը Իրանի համար հաղթանակ կլիներ, որը Սիրիայի մերձավորագույն դաշնակիցն է:

«Այսպիսի արդյունքից խուսափելու համար ԱՄՆ պաշտոնատարները ծրագրում են Սիրիայի հյուսիսում ամերիկյան զորքերի ներկայությանը պահպանել, որտեղ ամերիկացիները սովորեցրել եւ օգնել են SDF-ին (Սիրիայի դեմոկրատական ուժեր) «Իսլամական պետության» դեմ պայքարում, եւ այս շրջաններում Ասադի կառավարությունից բացի, նոր տեղական կառավարում ստեղծել»,- հայտնում է պարբերականը:

Սեպտեմբերին հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ Դերաա նահանգում ապաէսկալացման գոտի ստեղծելու մասին պայմանավորվածության համաձայն զորքերը հանել է Սիրիայի հարավի իր 2 բազաներից: