Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 24-ին, զինված խմբի գործով նիստին ամբաստանյալներից Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ գործով ապացույցների հետազոտման ժամանակ դատախազը նշել է, որ կա լուսանկար, որում Արթուր Վարդանյանը լուսանկարվել է «Շռամ Վալերիկի» գերեզմանոցի մոտ: «Շռամ Վալերիկը» Արթուր Վարդանյանի հայրն է` արցախյան պատերազմի մասնակից Վալերիկ Վարդանյանը եւ այդ արտահայտությունը դուր չի եկել Արթուր Վարդանյանին, նա ընդհատել է դատախազին եւ Գեւորգ Սարգսյանն արձագանքել է. «Ականջներդ կկտրեմ»:
Մեղադրող Գեւորգ Սարգսյանը պաշտպանի այս միջնորդությանն առարկեց` նշելով, որ նա չի իմացել, որ «Շռամ Վալերիկ» մականունով ազատամարտիկը Արթուր Վարդանյանի հայրն է եղել եւ նա ընդամենը կարդացել է այն, ինչ գրված է եղել գերեզմանաքարի վրա:
Ամբաստանյալներից Խաչիկ Ավետիսյանն էլ նշեց, որ «Շռամ Վալերիկ» մականունով Վալերիկ Վարդանյանը թաղված է «Եռաբլուր» պանթեոնում, նա եղել է հայրենասեր ազատամարտիկ եւ դատախազի կողմից այդպիսի արհամարհանքով նրա մասին խոսելն անթույլատրելի է:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց միջնորդությունը:
Լեւոն Բաղդասարյանը միջնորդության մերժումից հետո մեկ այլ միջնորդություն ներկայացրեց` նիստերի դահլիճից հեռացված իր պաշտպանյալին նիստերի դահլիճ վերադարձնելու մասին: Բացի այդ, Լեւոն Բաղդասարյանը հետաքրքրվեց` քանի ժամով է իր պաշտպանյալը հեռացվել նիստերի դահլիճից եւ ինչու նիստին դեռ ներկա չէ. «Իմ պաշտպանյալը ներկա չէ, ինչու, նա ընդամենը մեկ ժամով էր հեռացվել: Ձեր մաթեմատիկական հաշվարկը տարօրինակ է ինձ համար»:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:



























