Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նոյեմբերի 23-ին, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովում ելույթով հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրին:
Նշենք, որ գագաթաժողովին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ ԵԺԿ ընդունված հռչակագրում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ խնդրին, որտեղ նշվել է, որ վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա:



























