Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում եւ ծրագրում է առողջարանում 2 շաբաթ հանգստանալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա ընկեր եւ վստահելի անձ Արթուր Սողոմոնյանը:
«Արմեն Բորիսովիչը նախատեսում է 2 շաբաթ հանգստանալ, Նոր տարուց առաջ թատրոններում միշտ թեժ շրջան է: Առողջարանը բժիշկներ ունի, մենք նրանց հետ կապի մեջ ենք: Ես հենց նոր եմ շփվել ղեկավարի հետ, նա գոհ է դերասանի վիճակից: Արմեն Բորիսովիչը եւս այսօր լավ տրամադրություն ուներ, իսկ երեկ մի փոքր վշտացած էր իր անվան շուրջ հերթական ֆեյքերի պատճառով, այսօր ամեն ինչ կարգին է»,- ասել է Սողոմոնյանը:
Դերասանի ընկերոջ խոսքով՝ գեղարվեստական ղեկավարի բացակայությամբ Ջիգարխանյանի թատրոնը ղեկավարում է տնօրեն Ելենա Գիլվանովան, եւ նրանք ամեն առավոտ հեռախոսային կապ են հաստատում:
82-ամյա Ջիգարխանյանի եւ նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալը սկսվել էր այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին դերասանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով հայտարարել, որ պատրաստ չէ կնոջը ներել, որն իրեն «մեծ ցավ է պատճառել»:
Հինգշաբթի Մաուզերը, վկայակոչելով Յուրի Կլեպնիկովին, ում անվանել է դերասանի «մտերիմ մարդ», հայտնել է, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Նրա խոսքով՝ դերասանի վիճակը վատթարացել է, դիաբետի ֆոնին նա չի կարողանում քայլել: Թատրոնն այս տեղեկությունը հերքել էր՝ հայտնելով, որ ռեժիսորը առողջարան հանգստի է մեկնել:



























