Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 24-ին, զինված  խմբի գործով նիստին ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը հետաքրքրվեց մեղադրող Գեւորգ Սարգսյանից՝ ինչ կապ ունեն ամբաստանյալների անձնական լուսանկարները՝ ով որտեղ է լուսանկարվել, գործում առկա ապացույցների հետ: Մեղադրող-դատախազը ներկայացնում էր գործով ապացույց ճանաչված լուսանկարների մասին տեղեկություն, որում պատկերված են գործով ամբաստանյալները` լուսանկարված «Եռաբլուր» պանթեոնում ազատամարտիկների գերեզմանների մոտ: Գեւորգ Սարգսյանը նշեց, որ պատկերված լուսանկարում գործով աբաստանյալներից մեկն է` լուսանկարված Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ, որի ժամանակ Վահան Շիրխանյանն արձագանքեց:

«Ուզում եմ հասկանալ` ի ՞նչ կապ ունի` ում հետ են լուսանկարվել, ի ՞նչ կապ ունի դա մեղադրանքի հետ: 37 թի ՞վն է ինչ է, մեկին ժպտացել, մեկի հետ խոսել են, բռնեցի ՞ն, այ քեզ բան, գյուղի ազատամարտիկների ցուցակը ձե՞զ ինչ»:

Երբ մեղադրողը լուսանկարների մասին տեղեկություններ հայտնելիս նշում էր. «Լուսանկարում պատկերված է Արթուր Վարդանյանը՝ անհայտ տղայի հետ...», պաշտպանական կողմը  միջնորդեց, որպեսզի մեղադրողն ամբողջությամբ չհրապարակի փաստաթղթերը` նշելով, որ մեղադրական կողմը հստակ իր դիրքորոշոմն հայտնել է եւ ամեն մի փաստաթուղթն ամբողջությամբ հրապարակելու իմաստ չկա:

Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանն էլ նշեց, որ մեղադրող կողմն անձնական ուղղվածություն է տալիս այս գործին. «Այս դատավարությունն ավելի շատ ուղղորդված է: Մեղադրողների կողմից ներկայացված ներկայացումը, եթե էջ առ էջ լսենք` երկու տարի կտեւի: Ապացույցներ էլ կան, որ պետք է ներկայացվեն, բայց չեն ներկայացվում, որովհետեւ պետք չի, քանի որ այստեղ կան մարդիկ, որոնք պետք է այստեղ չլինեին»:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: