Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ցուցարարներին ցրելու ոստիկանական գործողության հետեւանքով առնվազն 1 մարդ զոհվել է, եւս 150-ը մարմնական վնասվածքներ ստացել, նոյեմբերի 25-ին հայտնել է Geo TV-ն:

Պակիստանի մայրաքաղաքում մեկ շաբաթ է՝ զանգվածային բողոքներ են անցկացվում: Դրանց առիթը ընտրությունների մասին օրենքում հակասական լրացումներ կատարելու իշխանությունների որոշումն է: Այս օրենքի համաձայն՝ մուսուլմանների շարքերից առաջադրվող թեկնածուները նախկինում պարտավոր էին դիմում ստորագրել, որով հաստատում էին իսլամի դավանանքի անվիճարկելիությանը համաձայնությունը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ նախօրեին երկրի իշխանությունները իսլամական արմատական շարժումներին վերջին նախազգուշացում են հայտարարել՝ նրանցից պահանջելով փողոցներից հեռանալ: Մերժում ստանալով՝ իրավապահները սկսել են ցուցարարներին ցրելու գործողությունը:

Իսլամաբադում ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել, որի հետեւանքով զոհվել է մեկ ուժային: Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում վիրավորվել է ոստիկանության 30 աշխատակից: Նրանցից 14-ը հատուկ ստորաբաժանումների մարտիկներ են:

Մի քանի աղբյուրների վկայակոչելով՝ Geo TV-ն հայտնել է, որ իշխանական ճյուղային կառույցները բոլոր լրատվական ալիքներին արգելել են հոյեմբերի 25-ին Իսլամաբադում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը:

Պակիստանի մայրաքաղաքում իրականացված գործողությանը ընդհանուր 8500 ոստիկան է մասնակցել: Ներկայումս 150 մարդ ձերբակալված է: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ուժայիններին հաջողվել է ցրել բողոքողների ընդհանուր թվի գրեթե 50 տոկոսին:

Իսլամաբադից բացի, բողոքի ակցիաներ են տեղի ունենում Կարաչիում եւ այլ բնակավայրերում: