ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հաստատել է, որ Էր Ռիադում ձեւավորված Սիրիայի միասնական ընդդիմությունը հրավիրել են Ժնեւում նոյեմբերի 28-ին կայանալիք բանակցություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հատուկ բանագնացը հաստատում է, որ նա Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը կհրավիրի Ժնեւ՝ միջսիրիական բանակցություններին մասնակցելու, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 28-ին»,– ասված է ՄԱԿ հատուկ բանագնացի ուղերձում։

Ստեֆան դե Միստուրան ողջունում է Սիրիայի ընդդիմության միասնական պատվիրակության՝ Ժնեւի բանակցություններին առանց նախապայմանների մասնակցելու պատրաստակամությունը։

Ուղերձում նշվում է, որ Դե Միստուրան հատուկ առանձնացնում է այն փաստը, որ հայտարարվել է բանակցային պատվիրակություն, որին հանձնարարել են Ժնեւում առանց նախապայմանների բանակցություններ վարել, եւ որ ՄԱԿ համապատասխան բանաձեւերի իրականացումը դիտարկվում է որպես բանակցություններում ուղեցույց։