Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երեւանի եւ Մարսելի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Երեւանի գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ Մարսել այցելելու համար, քաղաքապետ Գոդենը նկատել է, որ այս այցը եւս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու երկու քաղաքների միջեւ հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

Մարսելի քաղաքապետը մասնավորապես, նշել է. «Վստահորեն կարող ենք փաստել, պարոն քաղաքապետ, որ Երեւանի եւ Մարսելի համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն, անշուշտ, ոգեւորիչ է ու պարտավորեցնող», - նշել է Ժան-Կլոդ Գոդենն ու մեկ անգամ եւս վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել առավելագույնը՝ երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նշել է. «Անցյալ տարի Երեւանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ Երեւան-Մարսել համագործակցության ծավալներն այդ համաժողովի համատեքստում իսկապես ներկայանալի էին», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է  տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների եւ ռեգիոնների հետ, ինչպես նաեւ եվրոպական ծրագրերի շրջանակներում:

Երեւանի քաղաքապետն իր ելույթում անդրադարձել է նաեւ հաջորդ տարի Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին եւ Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Առիթն օգտագործելով Տարոն Մարգարյանը բոլորին սիրով հրավիրել է Երեւան՝ վստահեցնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի հյուրընկալ դռները միշտ բաց են բարեկամների համար:

«Պարոն քաղաքապետ, կրկին շնորհավորելով մեր համագործակցության հոբելյանական այս տարեդարձի առթիվ եւ շնորհակալություն հայտնելով Ձեզ՝ հրավերի համար, մեկ անգամ եւս ընդգծեմ, որ իսկապես բարձր եմ գնահատում Երեւանի եւ Մարսելի միջեւ կապերի ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Համոզվա՛ծ եղեք, որ Դուք միշտ ցանկալի եւ սպասված հյուր եք Երեւանում», - նշել է Տարոն Մարգարյանը:

Պաշտոնական ընդունելության շրջանակում, Երեւանի եւ Մարսելի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ համագործակցության 25-րդ տարեդարձի առթիվ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ, Երեւանի պատվավոր քաղաքացի Ժան-Կլոդ Գոդենին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: