Հասարակական ընկալումը ոչ միշտ է արտացոլում կոռուպցիայի մակարդակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով աշխատանքներն իրականացվում են մի քանի ուղղությամբ: «Մի մասը ինստիտուցիոնալ բնույթ ունի: Այս ուղղությամբ արդյունքներ ստանալու համար ժամանակ կպահանջվի: Օրինակ՝ այս տարի պետական պաշտոնյաների համար կանխիկ գործարքների ձեւակերպման սահմանափակում է մտցվել, եւ պատասխանատվության լուրջ միջոցառումներ ենք նախատեսում: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ այս ուղին օգտագործվում էր կոռուպցիոն ճանապարհով ստացված միջոցների օրինականացման համար: Բնականաբար, էֆեկտն անմիջապես չի լինի, այլ տարիների ընթացքում: Այսինքն՝ մենք կարողացել ենք փակել օրենքը շրջանցելու ուղին»,- նշեց նախարարը:

Միաժամանակ քայլեր կան, որոնք անմիջական արդյունք են տալիս: Օրինակ՝ քաղաքացիներից իրավասու մարմիններին փաստաթղթերի փոխանցման միջնորդ գրասենյակների աշխատանքի հնարավորություն է ստեղծվել: Գործընթացին ներգրավված են տարբեր կազմակերպություններ՝ «Հայփոստը», առեւտրային բանկեր, եւ ծրագրվում է այս ցուցակն ընդարձակել: Սա նշանակում է, որ ծառայություն մատուցող պետական ծառայողը քաղաքացիների հետ անմիջականորեն չի շփվում, եւ փաստաթղթերը ստանում է էլեկտրոնային փոստով: Այսպիսի քայլերն անմիջական արդյունք են ունենում: «Այս ծառայություններն այնքան պահանջարկված են, որ մեկ տարում որոշ ընկերությունների թիվը 4 անգամ մեծացել է: Այս պահին մշակվում է  պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության մասին օրենքը: Այստեղ կարեւոր մասը կհատկացվի գործընթացի թափանցիկությանը»,- հայտնեց Դավիթ Հարությունյանը: