Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից կազմակերպված երթի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ։
Դիարբեքիրում դրությունը հանդարտեցնելու նպատակով, քաղաք է ժամանել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը։ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւս մեկնել է բախումների վայր՝ կանխելու լարվածության եւ բախումների հետագա ծավալումը։
Ոստիկանության հետ բախումների ընթացքում քուրդ ցուցարարարներից մեկը բարձրացել է կուսակցության գրասենյակ եւ փորձել ոստիկանների ուղղությամբ բոցավառվող հեղուկով շիշ նետել, սակայն այն ընկել է գրասենյակի մեջ եւ հրդեհի պատճառ դարձել, որը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամները դժվարությամբ կարողացել են հանգցնել։
Մեկ այլ վայրում ոստիկաններին քարերով հարվածող քուրդ ցուցարաներից մեկի ձեռքում նռնակ է պայթել, որի հետեւանքով 3 հոգի վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։































