Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր: Այս մասին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա մաղթեց Երեւանի նոր քաղաքապետին, որպեսզի նա արդարացնի բոլորի հույսերը եւ հուսախաբ չանի բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ, տարբեր բարձր պաշտոններում նախընտրել են հենց նրա տիպը:
«Իմ ակնկալիքներն առաջին հերթին կապված են Ձեր գործելաոճի հետ: Երեկ չէ առաջին օրը մենք ՀՀԿ ստեղծման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հանգամանորեն խոսել ենք այն որակների եւ մոտեցումների մասին, որ պետք է դրսեւորի պետական պաշտոնյան: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը: Ավելին, ասելու անհաժեշտություն չկա, շատ երկար ենք խոսել, իրոք, շաբաթ օրը եւ կարծում եմ, որ մենք մի քանի ամիս հետո ուղղակի պետք է հավաքվենք եւ արդյունքներն ի մի բերենք՝ մենք կարողանո՞ւմ ենք, արդյոք, դրված չափանիշները կատարել, թե՞ ուղղակի ամեն անգամ ավելի բարձր նշաձող ենք դնում: Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր իսկ պահանջները, ապա մենք ի վիճակի ենք մեր երկիրը առաջ տանելու»,-ասաց Սերժ Սարգսյանը եւ մեկ անգամ եւս շնորհավորեց Երեւանի նոր քաղաքապետին:




























