Դուբլինը պատրաստ է Լոնդոնի հետ համատեղ Օլստերի հետ սահմանի առաջարկների տեքստում ձեւակերպումներ մշակել: Այդ մասին հայտարարել է Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Կոուվենին, հաղորդում է «Բի ԲԻ Սի»-ն։

«Մենք պատրաստ ենք համաձայնեցնել տեքստը, որտեղ հստակ տեսանելի կլինեն որոշումները, թե ինչպես խուսափել Իռլանդիա կղզի սահմանների վերադարձից», - նշել է Կոուվենին:

Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար մինչեւ Եվրամիության գագաթնաժողովի սկիզբը Լոնդոնն ու Բրյուսելը պետք է կոնսենսուսի գան սահմանային հարցի շուրջ: Բարձր մակարդակով հանդիպումը նախանշված է դեկտեմբերի 14-15-ը, որտեղ որոշում կկայացվի, թե արդյոք պայմաններ ստեղծված են ապագա առեւտրային հարաբերությունների քննարկումներն սկսելու համար:

Դուբլինը Եվրամիության աջակցությամբ Լոնդոնից հստակ երաշխիքներ է ակնկալում, որ Իռլանդիա կղզու հյուսիսի եւ հարավի միջեւ սահմանները թափանցիկ կմնան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: