YouTube կայքը Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության  գործընկերն է: Այսօր՝ դեկտեմբերի 20-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման նման տեսակետ հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նկատի ունենալով, որ նաեւ այդ կայքում տեղադրված տեսանյութերն են օգնել նախարարությանը, որոշ բացահայտումների ժամանակ:

Հարցին, թե 2010 թվականի ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում դպրոցում բռնությունները կանխելու եւ վերացնելու ուղղությամբ, Աշոտյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ իրենք տեղեկանք են պատրաստել, որը կներկայացնեն հանրությանը:

«Ես ուրախ եմ, որ կա YouTube, որտեղ հնարավոր է ամեն ինչ տեսնել:

Եթե նախարարն է սխալ արել, ուրեմն պետք է հասարակությունը նույնպես գնահատական տա: Եթե որեւէ մանկավարժ կամ աշակերտ է սխալ արել, բնական է պետք է նույն պատասխանը տա: Կարծում եմ` տեղեկատվական դարաշրջանը բարձրացնում է բոլորի պատասխանատվությունը` նախարարից մինչեւ աշակերտ: Ուրախ եմ, որ այդ դարաշրջանը թեւակոխել է նաեւ մեր իրականության մեջ  եւ կրթության ոլորտն այս տարի ամենարագ արձագանքողն էր բոլոր ինտերակտիվ, վիրտուալ ցանցերի լուրերին»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ 2010 թվականի  հոկտեմբերի 17-ին YouTube-ում տարածվել էր մի տեսագրություն, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է հայ ուսուցչուհին գազազած ծեծի ենթարկում աշակերտներին, նրանց անկյուն կանգնեցնում, նվաստացնում եւ ստորացնում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 11-ին, Facebook սոցիալական ցանցում  տարածվել էր YouTube-ում տեղադրված մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես մեկ այլ  ուսուցիչ ծեծում է աշակերտին՝ հայհոյանքներ տեղալով երեխայի հասցեին։ Աշակերտի հասցեին մանկավարժի խոսքերն են. «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռո գլուխ, դեբիլ...»:

Երկու դեպքում էլ այդ «մանկավարժները» ազատվեցին աշխատանքից: