Եմենի սպանված նախկին նախագահի ավագ որդին՝ Ալի Աբդալլահ Սալեհ Ահմադը, հոր մահից հետո իր առաջին ելույթում խոստացել է վրեժխնդիր լինել նրա համար, փոխանցում է Al-Arabiya-ն:
Ապստամբ հուսիները երկուշաբթի հայտնել են երկրի նախկին առաջնորդի սպանության մասին եւ նրա արյունաթաթախ մարմնի կադրերով տեսանյութ հրապարակել: Սալեհի կուսակցությունն ավելի ուշ հաստատել է նրա մահը: Եմենի բանակի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է, որ հուսիները շաբաթ օրվանից հետեւել են Սալեհի տեղաշարժերին եւ բռնելու փորձի ժամանակ փոխհրաձգությամբ սպանել նրան: Համարվում է, որ Եմենի մայրաքաղաքն ու երկրի նշանակալի հատվածը վերահսկող հուսիներին գաղտնի աջակցություն է ցուցաբերում Իրանը:
«Ես կպայքարեմ այնքան ժամանակ, քանի դեռ վերջին հուսին դուրս չի հանվել Եմենից», - հայտարարել է Ահմադ Սալեհը: Նրա խոսքով՝ հոր արյունը «Իրանի մեղքերի համար դժոխային կրակ» կլինի:
Նախկին նախագահի որդին 2004-2012 թթ. գլխավորել է Եմենի Հանրապետական գվարդիան, ապա 2013-2015թթ. զբաղեցրել ԱՄԷ-ում Եմենի դեսպանի պաշտոնը:




























