ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հինգշաբթի Փհենյանում բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոյի հետ՝ հավանաբար հյուսիսկորեական միջուկահրթիռային ծրագրի դադարեցման շուրջ, հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:

ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցչի Հյուսիսային Կորեա այցն ընթանում է Փհենյանի եւ Վաշինգթոնի միջեւ սուր առճակատմամբ՝ հյուսիսկորեական հրթիռային փորձարկումների ֆոնին: Ֆելթմանը Հյուսիսային Կորեա այցի հրավեր է ստացել աշնանը՝ ՄԱԿ-ի հետ «քաղաքական երկխոսության» համար: Չորեքշաբթի նա հանդիպել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարարի հետ:

Չորեքշաբթի Ֆելթմանը նաեւ այցելել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպել է ռուս դեսպան Ալեքսանդր Մացեգորոյի հետ:

Ավելի վաղ Ռուսաստանն ու Չինաստանը Հյուսիսային Կորեային  առաջարկել էին միջուկային փորձարկումների եւ հրթիռների արձակման մորատորիում հայտարարել, իսկ Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելուց հհրաժարվել, որպեսզի թերակղզում իրավիճակը կայունանա, սակայն Վաշինգթոնում այդ նախաձեռնությունը մերժել էին: