2011 թ. մարտին Երեւանում կանցկացվի ատոմակայանի կառուցմանը նվիրված կոնֆերանս, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ պոտենցիալ ներդրողները։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին լրագրողներին տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ ատոմակայանի կառուցմամբ շահագրգռված են բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ, անգամ՝ ֆիզիկական անձինք։
Այս պահին հստակ է միայն, որ ատոմակայանի միջուկային կղզյակը կկառուցի Ռուսաստանը («Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը)՝ համաձայն 2010 թ. օգոստոսին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեվի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կնքված համաձայնագրի։ Ընդ որում՝ Ռուսաստանը նաեւ կֆինանսավորի միջուկային կղզյակի կառուցումը։
Հայաստանի մասնակցությունը նոր ատոմային էներգաբլոկի մեջ կկազմի 20 տոկոս։ Սակայն, ըստ նախարարի, դա ոչ թե դրամական, այլ գույքային ներդրում է։
Հիշեցնենք, որ մեծամորում 1060 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2012 թ.։





























