Այսօր ընթանում է Մերձավոր Արեւելքի վերաձեւում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը։
Նրա խոսքով՝ եթե 20 տարվա ընթացքում տարածաշրջանում ստիպված էին հաշտվել Վաշինգթոնի դիրքերի հետ, ապա վերջին 3 տարիների ընթացքում նաեւ Ռուսաաստանի դիրքերի հետ։ «Ռուսական զինված ուժերը փոքր ջանքերով եւ ավիացիոն ուժերի համեմատաբար քիչ ներգրավվածությամբ փոխեցին Սիրիայում տիրող իրավիճակը»,-պարզաբանել է Ցիգանոկը՝ նշելով նաեւ, որ Մերձավոր Արեւելքի վերաձեւափոխումը կապված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ձեւավորած միության հետ։
Սրա հետ մեկտեղ փորձագետը կարծում է, որ այս միությունը երկար չի տեւի։ Սրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ այս «եռյակից» Սիրիայում ընթացող պատերազմի ընթացքում միայն երկու երկրի է հաջողվել հասնել իրենց առջեւ դրված նպատակներին։ Ռազմական փորձագետը կարծում է, որ այդ երկրներն Իրանն ու Ռուսաստանն են։ Թուրքիան, նրա կարծիքով, չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների։
Բացի այդ, ռազմական կանխատեսումների կենտրոնի տնօրենը նշել է, որ Սիրիայի հարցով բանակցություններում տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ Մոսկվայի, Թեհրանի եւ նույնիսկ Սիրիայում ձախողված Անկարայի դիրքերը Կովկասում աճել են, ինչը թուլացնում է ԵՄ-ի առանց այդ էլ թուլացած դիրքերը։ «ԱՄՆ-ն նույնպես փորձում է աջակցել եւ՛ Վրաստանին, եւ՛ Ադրբեջանին:Սակայն, ես կարծում եմ, որ դա նշանակալի չէ, քանի որ վերոհիշյալ միությունը, թեկուզ ժամանակավոր, զգալիորեն ազդել է ամբողջ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վրա»,-եզրափակել է ռազմական որձագետը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական քանակակազմի զգալի հատվածի դուրսբերման մասին։ Սակայն, արաբական այս երկրում լիարժեք խաղաղության հաստատման մասին վաղաժամ է խոսել։ Հակամարտության մեջ ներգրավված են ոչ միայն իսլամական խմբեր, այլ նաեւ բազմաթիվ տարածաշրջանային եւ համաշխարհային ուժեր:



























