Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը մնացել է առանց պաշտպանի:

NEWS.am-ին վարորդի ընտանիքի անդամները հայտնեցին, որ դեպքից հետո մասնավոր պաշտպան էին ներգրավվել, սակայն, ավելի ուշ չէին կարողացել վճարել նրան եւ Մողրովյանն այժմ պաշտպան չունի:

«Դատավարությունն արդեն սկսել է, սակայն, նիստերն անընդհատ հետաձգում են, չգիտենք էլ ինչ պատճառաբանությամբ»,- ասացին ընտնաիքի անդամները:

Նշենք, որ 34-ամյա Կարապետ Մողրովյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է, 4 երեխաների հայր: Մողրովյանները սեփական տուն չունեն, վարձով են բնակվում, տան միակ աշխատողն էլ Կարապետն էր:

Հիշեցնենք, որ 2017թ. հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Հայկական միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը կալանավորված է, իսկ ԿԱՄԱԶ-ի վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել: