Եվրոպական միությունը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի հետ ապագա առեւտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների  շուտափույթ մեկնարկի օգտին։ Այս մասին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի երկրորդ օրվանից առաջ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է Financial Times թերթը:

«Մենք պետք է պաշտոնապես մշակենք ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը, որը կներկայացվի Եվրախորհրդարանին, որից հետո մենք հնարավորինս շուտ կսկենք բանակցությունները հետագա հարաբերությունների շուրջ»,-ասել է նա:

Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, որ Եվրամիությունը կոշտացրել է իր դիրքորոշումը Brexit-ի շուրջ՝ հասկացնելով, որ Բրիտանիայի հետ ապագա առեւտրային հարաբերությունների շուրջ բանակցություններն ավելի շուտ, քան հաջորդ տարվա մարտն է, չեն սկսվի։ Նրա խոսքով՝ Բրյուսելում պաշտոնյաները փոփոխություններ են մտցրել  Brexit-ի պայմանների քննարկման հաջորդ փուլի բանակցությունների անցկացման ուղենշային սկզբուքների նախագծում։

Այսպիսով, ԵՄ-ն այլեւս չի առաջարկում  Միացյալ Թագավորությանը  հետագա առեւտրային հարաբերությունների հարցի շուրջ հաջորդ տարվա սկզբին նախնական քննարկում անցկացնել: Եվրոպական միության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զայրացրել  են Brexit-ի հարցերով Բրիտանիայի նախարար Դեվիդ Դեւիսի խոսքերը, թե դեկտեմբերի 8-ին ձեռք բերված համաձայնագիրը «մեծ հաշվով մտադրությունների մասին հայտարարություն է, ոչ թե իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ»:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը  մինչ այդ բրիտանական խորհրդարանում հայտարարել էր, որ Լոնդոնը որպես Brexit-ի դիմաց  փոխհատուցում Եվրամիությանը կվճարի 39 միլիարդ ֆունտ  ստերլինգ (52 միլիարդ դոլար) միայն այն դեպքում, երբ կկնքվի եվրոպական համայնքի հետ հետագա համագործակցության պայմանների մասին գործարքը: