ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենք են որոշում  այս կամ այն երկրին զենք վաճառելու շուրջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին Երեւանի պետական համալսարանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյուլերը:

Պատասխանելով Վրաստանին զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշման  կապակցությամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշման շուրջ հարցին, Գեթեմյուլերը նշեց, որ ՆԱՏՕ-ի տեսանկյունից սա երկկողմ հարաբերությունների հարց  է Վաշինգտոնի եւ Թբիլիսիի միջեւ:

 «Սա ՆԱՏՕ-ի խնդիր չէ, բայց մենք դասընթացներ  ենք անցկացնում եւ փորձում ենք երկրներին խորհուրդ տալ եւ օգնել նրանց ավելի արդյունավետ լինել: Բացի այդ, մենք գերազանց հարաբերություններ ունենք Վրաստանի հետ »,- ավելացրեց նա:

Նոյեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն  էր տվել Վրաստանին 75 մլն դոլար արժողությամբ   410 միավոր հրթիռ եւ 72 միավոր արձակման կայան վաճառելուն: