Թերթը գրում է, որ այս օրերին այսպես կոչված համատիրությունները (խորհրդային ժամանակվա ժէկերը), մայրաքաղաքի առանց բացառության բոլոր շրջաններում, բնակիչներից սկսել են զանգվածաբար գումարներ պահանջել: Նրանց ուղարկած թերթիկներում բնակիչներից պահանջվում է որոշակի գումար, որը նրանք անվանում են բնակիչների պարտքը համատիրություններին:

Եթե նրանց մատնանշած ժամկետում այդ գումարը բնակիչները չվճարեն, ապա համատիրությունները սպառնում են այն ստանալ դատական ատյանների միջոցով: Սա այլ կերպ, քան դրամաշորթություն (ռեկետ), որակել հնարավոր չէ եւ 20-30-ականնների ամերիկյան խոշոր քաղաքներում գանգստերների կողմից կատարվող ռեկետից տարբերվում է միայն նրանով, որ գումարը պահանջվում է գրավոր տեսքով:

Համատիրությունների վերոնշյալ պահանջի առաջին եւ գլխավոր ապօրինությունն այն է, որ ոչ մի երկրում, այդ թվում` Հայաստանում, ոչ ոք իրավունք չունի քաղաքացուց գումար պահանջել դրա դիմաց ոչ մի ծառայություն չկատարելով կամ ապրանք չտալով: Եթե ջրամատակարար, էներգամատակարար կամ գազամատակարար կազմակերպություններին բնակիչները վճարում են համապատասխան ծառայությունները ստանալու համար, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է վճարեն համատիրություններին կամ ինչո՞ւ են պահանջած գումարը համատիրություններն անվանում «պարտք»:

Եթե համատիրությունը ծառայություն չի մատուցել, իսկ բնակիչն էլ չի վճարել, ապա այստեղ որեւէ մեկը մյուսին պարտք չէ: Ապացույցներ, որ համատիրությունների գերակշիռ մասը բարեկարգման, մաքրության եւ սպասարկման որեւէ աշխատանք չի կատարել, կարելի է գտնել նրանց այսպես կոչված սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր շենքում եւ նրա շրջակայքում:

Համատիրություններն իրավունք չունեն նաեւ գումար պահանջելու բնակիչներից, քանի որ բնակիչների գերակշիռ մասը իր գրավոր համաձայնությունը չի տվել տվյալ համատիրությանը ընտրելու համար: Այսինքն, իրենք` համատիրությունները փաստորեն գործում են ապօրինի, քանի որ նրանց ոչ ոք չի ընտրել: Պարզապես խորհրդային ժէկերը մեխանիկորեն վերափոխվել են եւ իրենց անվանել համատիրություններ: