Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները հարկ է շարունակել ՄԱԿ-ի բանաձեւերի, Հելսինկյան ակտի, նաեւ Աքվիլլայում եւ Մուսկոկայում արված հայտարարությունների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ANS TV-ի եթերում:
Նախարարը հիշեցրել է, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում 3+2 ձեւաչափով հայտարարություն է ընդունվել:
Բացի այդ, կողմերի միջեւ շարունակվում են հանդիպումները, ինչպես նախագահների, այնպես էլ ԱԳՆ ղեկավարների մակարդակով: «Օրինակ, Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ կայացել է ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտարարություն է արվել: Միգուցե, լրագրողներին այդ մասին լայն տեղեկատվություն չի տրվել, քանի որ ժամանակ չկա: Առաջին հերթին մենք պետք է քննարկումներ անցկացնենք իրար մեջ»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով, կողմերը շարունակելու են աշխատել Մադրիդյան փաստաթղթի վրա: «Ադրբեջանական կողմն, ընդհանուր առմամբ, ընդունել է Մադրիդյան սկզբունքները, հայկական կողմը չի ընդունում որոշ դրույթներ: Ուզում ենք վերացնել այդ խնդիրն ու սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա»,- ասել է նա:





























