Աշխարհագրության տեսակետից Մերձավոր Արեւելքը Հայաստանին զգալիորեն մոտ է, եւ այնտեղ տեղի ունեցող գործընթացները շատ կարեւոր են: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա այդ գործընթացները շատ կարեւոր բնորոշեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման տեսակետից: «Եկող տարի սա պետք է դառնա կարեւոր ուղղություն խորհրդարանական դիվանագիության տեսակետից»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանում շատ հաճախ են խոսում Երեւանի եւ Մոսկվայի, Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների մասին, սակայն հաճախ մոռանում են Մերձավոր Արեւելքի մասին:

Աշոտյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ընդհանրապես իսլամական աշխարհի երկրների հետ հարաբերություններն ակտիվացնի: «Երբ իսլամական աշխարհ եմ ասում, նկատի ունեմ ինչպես արաբական երկրները, այնպես էլ Իրանը, ինչպես նաեւ մուսուլմանական այն խոշոր երկրները, որոնք Հայաստանի մասին շատ սուղ տեղեկություններ ունեն»,- պարզաբանեց ՀՀԿ փոխնախագահը՝ ընդգծելով, որ Բաքուն Երեւանի համար չափազանց վտանգավոր քաղաքականություն է վարում՝ փորձելով նրա դեմ տրամադրել իսլամական աշխարհի երկրներին: Առայժմ, ինչպես կարծում է Արմեն Աշոտյանը, Ադրբեջանին չի հաջողվում իր նպատակներին հասնել, սակայն այս մարտահրավերները, միեւնույն է, կան, եւ Հայաստանը պարզապես պարտավոր է իսլամական պետությունների եւ ժողովուրդների հետ իր շփումներն ակտիվացնել եւ ընդլայնել: