Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել հետխորհրդային չորս երկրում`Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան, ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) համայնքի անդամների իրավունքների վերաբերյալ:
«Պակաս հավասարները. ԼԳԲՏԻ իրավապաշտպանները Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում» զեկույցում նշվում է, որ խտրականությունը եւ հոմոֆոբիան Ռուսաստանում նպաստել են նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում ԼԳԲՏ իրավաշտպան խմբերի հանդեպ թշնամանքի տագնապալի աճին:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունները վերջին շրջանում սկսել են սահմանափակել ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների իրավունքները: Բոլոր չորս երկրները փորձել են Ռուսաստանում ընդունված օրենքի նման հոմոֆոբական «քարոզչական» օրենքներ ընդունել:
Զեկույցի համաձայն` Հայաստանը եւ Ղրղըզստանը շտկումներ են կատարել իրենց սահմանադրություններում՝ նույնասեռ ամուսնությունների բացառման համար:
Ժողովների ազատությունը սահմանափակ է ԼԳԲՏ բոլոր ակտիվիստների համար, սակայն Հայաստանում եւ Ղրղզստանում քիչ թվով հասարակական կազմակերպություններ կան, որոնք աշխատում են ԼԳԲՏ համայնքի իրավունքների ուղղությամբ:
«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի ԼԳԲՏԻ խմբերը կարողանան անվտանգ եւ առանց որեւէ խտրականության իրականացնել իրենց իրապաշտպան գործունեությունը», - ասել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեեւը:




























