Հրապարակվել է Forbes ամսագրի ամենամյա «Լավագույն երկրները գործարարության  համար 2018» (Best Countries for Business 2018) վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 153 երկրների շարքում զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը։

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը վերջին տարիներին որոշ բարելավումներ է իրականացրել հարկային եւ մաքսային վարչարարության մեջ, բայց կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները զգալի չափով անարդյունավետ են եղել։

«Հայաստանին անհրաժեշտ կլինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնել եւ ամրապնդել օրենքի գերակայությունը՝ տնտեսական աճի, տնտեսական մրցունակության եւ բնակչության զբաղվածության համար՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայից եւ Ադրբեջանից տնտեսական մեկուսացումը։ Հայաստանի աշխարհագրական դիրքը, նեղ տրանսպորտային բազան եւ կարեւոր ոլորտներում առկա մենաշնորհները առանձնակի խոցելի են դարձրել տնտեսությունը համաշխարհային շուկաների համար»,- ասվում է հոդվածում։

Պետք է նշել, որ տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են համեմատաբար բարձր դիրքեր։ Այսպես, Վրաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 56-րդ, իսկ Ադրբեջանը՝ 70-րդ հորիզոնականը։  Ռուսաստանը Վրաստանին զիջում է մի քանի հորիզոնականով՝ զբաղեցնելով 58-րդ հարիզոնականում։ Իսկ ահա Իրանի դեպքում պատկերը լրիվ այլ է։ Նա գտնվում է 100-րդ հորիզոնականում։

Հավելենք, որ Միացյալ Թագավորությունը 12 տարվա մեջ առաջին անգամ գլխավորել է վարկանիշային աղյուսակը, չնայած Brexit-ից հետո բրիտանական տնտեսության վատթարացման բոլոր կանխատեսումներին։

Հաջորդ երկու հորիզոնականներում հանգրվանել են Նոր Զելանդիան եւ Նիդերլանդները։

Գործարարությանմ զբաղվելու համար վատագույն երկիրը ըստ Forbes-ի Չադն է։