Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի ապօրինի ռազմական ներկայությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո խանգարում է քաղաքական գործընթացին եւ կասկածի տակ է դնում երկրի միասնությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիայի կառավարությունը դեռ կարող էր դե ֆակտո «հանդուրժել» ամերիկացիների ներկայությունը հակաահաբեկչական հրատապ խնդիրների լուծման համար: Սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո Սիրիայում ամերիկյան ներկայությունը պահպանելու համար արդարացումները անիմաստ են: Գործնական առումով ԱՄՆ-ի զինված ուժերի ապօրինի ներկայությունը խոչընդոտներ է ստեղծում քաղաքական կարգավորման ճանապարհին եւ կասկածի տակ է դնում երկրի միասնությունը», - ասել է Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ նոյեմբերին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) շրջանակներում Վիետնամի Դանանգ քաղաքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որում «հաստատվում էր սիրիական պետության միասնականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ աշխարհիկ բնույթի պահպանման ընդհանուր պարտավորությունը»:

Նա նշել է, որ ռուսական կողմը կանոնավոր կերպով ամերիկացի գործընկերների առջեւ դնում է Սիրիայի տարածքում իրենց զինված գործողությունների ակտիվացման «ի սկզբանե ոչ լեգիտիմությանը հարցը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից»: