ԱՄՆ-ն անբարեխղճորեն է մեկնաբանում Սիրայի վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչ վերաբերում է Սիրիայի կարգավորման հարցում մեր արեւմտյան գործընկերներին, ես երկակի տպավորություն ունեմ:
Մեր ոչ միշտ ակնհայտ, ոչ միշտ հանրային երկխոսությունը ամերիկացիների հետ իրավիճակի ապասրման եւ մի շարք այլ հարցերի շուրջ...ցույց է տալիս, որ նրանք պրագմատիկ կերպով գործելու ցանկություն են ցուցաբերում, հաստատում են, որ Սիրիան պետք է մնա միասնական, բազմադավան եւ բազմաէթնիկ:
Միեւնույն ժամանակ, նրանց սկզբնական հավաստիացումները, որոնք Ռեքս Թիլլերսոնը (ԱՄՆ պետքարտուղար) ինձ անձամբ է տվել, առ այն, որ Սիրիայում ԱՄՆ-ի միակ նպատակը «Իսլամական պետության» ոչնչացումն է, այժմ ավելի լղոզված են դարձել եւ սկսել են ուղեկցվել արտահայտությամբ այն մասին, որ «Իսլամական պետության» հանդեպ վերջնական հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ Սիրիայում անդառնալի քաղաքական գործընթաց կսկսվի: Իսկ որոշ մարդիկ ավելացնում են, որ արդյունքում Ասադը պետք է հեռանա: Անբարեխղճորեն է մեկնաբանվում այն, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել»,- հայտարարել է Լավրովը:



























