10 օր հացադուլի մեջ գտնվող «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») դեկտեմբերի 21-ին զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից, ներկայումս ստացիոնար բուժման կարիք չունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին նշել էր, որ իր պաշտպանյալը հացադուլով պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ»՝ համապատասխան հետազոտություն անցնելու եւ բուժման նպատակով:
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Հարություն Սարիբեկյանը հացադուլ է հայտարարում: Հոկտեմբերին նա 2 շաբաթ հացադուլի մեջ էր:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:




























