Թբիլիսիում Ամաղլեբա 18 հասցեում է գտնվում տունը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ից այստեղ գործում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, որը հայ-վրացական մշակութային կապերի պատմության մեջ նոր էջ է բացել (ֆոտոռեպորտաժ):
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի շրջանակում գիտամշակութային կենտրոնը նվեր է ստացել դաշնամուր, իսկ Թբիլիսիից հայ ընտանիքը 170-ամյա պահարան է նվիրել:
«Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի խոսքով՝ սա ոչ միայն Թումանյանի տունն էր, այլ նաեւ ամբողջ Անդրկովկասի հասարակական, մշակութային կարեւոր կենտրոն, որի հաճախակի հյուրերն էին Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լեւոն Շանթը, Կոմիտասը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Իոսիֆ Գրիշաշվիլին եւ մշակութային ու հասարակական ուրիշ շատ գործիչներ. «Սա տուն էր, որտեղ թագավորում էր բարեկամությունն ու սերը, եւ հիմա մենք վերածնում ենք այդ բարի ավանդույթը»:
Տանը Հովհաննես Թումանյանի ապրելու տարիներից բուխարի է պահպանվել, որը վերականգնվել է, եւ հայելի, որից գրողն օգտվել է: Թումանյանի մնացյալ անձնական իրերը փոխանցվել են նրա անվան տուն-թանգարանին:
Ժամանակին շենքը պատկանել է հայ Հովսեփ Շանշյանին, իսկ Թումանյանը վարձակալել է 3-րդ հարկը: Թումանյանի մահից հետո, արդեն խորհրդային տարիներին, բանաստեղծի ազգականները մանդատ են ձեռք բերել, որի համաձայն տունն առգրավման ենթակա չէր: Չնայած դրան, տան մի մասը բնակեցվել է, իսկ երրորդ հարկում քաղաքային գրադարան է բացվել: Վրաստանի անկախացումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ գրադարանն իր գոյությունը չի արդարացնում եւ վաճառում է այն հատվածը, որտեղ ապրել էր Թումանյանը:
Այս տունը օրինական տիրոջն է փոխանցվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի Գրողների միության լուսահոգի նախագահ Լեւոն Անանյանի ջանքերի շնորհիվ, որին օգնել են Գյումրիի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Տան ամբողջական վերականգնումը կատարվել է Ջինիշյանի անվան հիմնադրամի, IdeA հիմնադրամի եւ հայ համայնքի միջոցներով:



























