ՌԴ Դաշնային խորհուրդը դեկտեմբերի 26-ին հավանություն է տվել օրենքին, որով վավերացվում է Սիրիայի Տարտուսում Ռուսաստանի ռազմածովային բազայի մասին համաձայնագիրը, փոխանցում է DW-ն: 

«Համաձայնագրի իրականացումը համապատասխանում է ՌԴ շահերին, քանի որ կնպաստի ռուսական ռազմական երկարաժամկետ ներկայության եւ տարածաշրջանում անվտանգության ապահովման ամրապնդմանը»,- նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ:

Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հունվարի 18-ին Դամասկոսում:

Սիրիական կողմը համաձայնագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Ռուսաստանին անհատույց օգտագործման է փոխանցում Տարտուսի նավահանգստի շրջանում հողատարածքները եւ ջրատարածքը, ինչպես նաեւ հավելվածի համաձայն՝ անշարժ օբյեկտները, որոնք հրապարակման ենթակա չեն:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը սկսել է Սիրիայի Տարտուսում եւ Հմեյմիմում մշտական խմբավորման ստեղծումը, դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Սիրիայում ռուսական ռազմական գործողությունն անցկացվում է 2015-ի սեպտեմբերի 30-ից: ՌԴ ՕՏՈՒ ավիացիան աջակցում է սիրիական բանակի վերգետնյա գործողություններին: Սիրիայում Ռուսաստանը 2 ավիաբազա ունի՝ Հմեյմիմի օդանավակայանում ավիաբազան եւ Տարտուսում ՌԾՈՒ բազան:

Ավիաբազայի հակաօդային պաշտպանությունն ապահովվում է Ս-400 համակարգով: Տարտուսում ՌԴ ՌԾՈՒ բազայի պաշտպանությունն ապահովվում է Ս-300 զենիթահրթիռային համակարգերով, ինչպես նաեւ առափնյա թեւավոր հրթիռներով «Բաստիոն» հրթիռային համալիրներով: