ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, 13.12.2017թ.-ին բնակարանային գողության մեջ մեղադրվող Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողները 22.11.2017թ.-ին Արարատի մարզի բնակարաններից գումարի եւ ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Այդ ընթացքում իր մոտ հայտնաբերվել են մի շարք իրեր, այդ թվում` 10.000 եւ 5.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ: Սակայն արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետեւ նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը եւս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:

Մյուս քրեական գործը հարուցվել է Սյունիքի մարզի բնակիչ Ա. Զ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 21.11.2017թ.-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցն իրեն տարել է Երեւան, որտեղ ոստիկանության ստորաբաժանումներից մեկում մի քանի ոստիկաններ ահաբեկել են իրեն` ստիպելով ցուցմունք տալ, թե, իբր, ներկա է գտնվել 23.02.2017թ.-ին տեղի ունեցած` դիտավորությամբ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքին եւ տեսել է վերջինիս հարված հասցրած անձին: Հակառակ դեպքում ոստիկանները սպառնացել են իրեն եւ ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության ենթարկել:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն արգելել է իրավապահ մարմիններին դիմումներ գրել ՔԿՀ-ում կատարվող անօրինականությունների վերաբերյալ, փոխարենը թույլատրել է, որ խցակիցներն իրենց մոտ բջջային հեռախոսներ պահեն: Այդ հանգամանքը հաշվի առնելով` ձեռք են բերել 6 բջջային հեռախոսներ եւ ինտերնետի սարքավորում, սակայն նույն աշխատակիցը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, իրենց խցում խուզարկություն է կատարել եւ հայտնաբերել 2 բջջային հեռախոսներ, որի համար իրեն տեղափոխել են պատժախուց:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, որոնցով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով քննչական խմբի քննիչը 2016թ.-ի մայիսի 16-ին եւ 17-ին Հ. Ա.-ի ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, վերջինս ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության եւ խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաեւ նկարագրել է հարվածող անձին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: