Ամանորի գիշերը հրավառություններից հետո տարբեր աստիճանի վնասվածքներով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ։ NEWS.am-ի տեղեկություններով նրանցից մեկի մատն է կտրվել։

Բացի այդ, եւս մեկ նման դեպք է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս դեպքում եւս հրավառության ժամանակ քաղաքացին ձեռքի շրջանում վնասվածքներ է ստացել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ էլ  հունվարի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» եւ «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Աստղաձոր գյուղի Ազատամարտիկների փողոցի իրենց տնից, որտեղ էլ 8-ամյա Գոհար Սահակյանն ու 6-ամյա Արման Սահակյանը վնասվածքները ստացել են իրենց տանը հրավառություն կատարելու հետեւանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք քույր ու եղբայր են:

Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մոտ, արտակարգ դեպք է տեղի ունեցել նաեւ Լոռու մարզի Մեծավան գյուղում, որտեղ հրաժայթիչի անզգուշության օգտագործման հետեւանքով այրվել է 58-ամյա Վաչագան Ս.-ին պատկանող 400 հատ խոտի հակը։ Պարզվել է, որ կրակը առաջացել է նրա թոռնուհու՝ 11-ամյա Դիաննա Ս.-ի կողմից ճայթռուկի անզգույշ գտագործման հետեւանքով: