«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ՔԿՀ-ում առաջարկել են ֆիզկուլտուրայով զբաղվել, որպեսզի բուժի ոտքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպանը` Հայարփի Սարգսյանը:
«Հովհաննես Հարությունյանի ոտքի վիճակը շարունակում է մնալ ծանր, քանի որ փշրված ոսկորներ ունի, իսկ ՔԿՀ-ում անգամ հարկ չեն համարում նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել: Իրեն ասել են, որ ՔԿՀ-ում կարող է ընդամենը ֆիզկուլտուրայով զբաղվի, այսինքն այդ փշրված ոսկորներով ֆիզկուլտուրայով պետք է զբաղվի եւ ինքն իրեն պետք է բուժի»,-ասաց Հարությունյանի պաշտպանը:
Հայարփի Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալի պատշաճ բուժումն ապահովելու համար դիմել է Նուբարաշենի ՔԿՀ, Արդադատության նախարարություն, վարչապետին եւ ՄԻՊ-ին, սակայն ի վերջո ոչ մի հնարավորություն չի տրվել Հովհաննես Հարությունյանի ոտքը բուժելու համար:
«Միայն Եվրոպական դատարանն է արձանագրել, որ Հովհաննես Հարությունյանը կարիք ունի բուժման եւ պահանջել է նրան բուժել, սակայն դա էլ մինչ օրս չի իրականացվում, ընդամենը ձեւական բնույթ կրող գործողություններ են իրականացվում: Մի անգամ «Գրացիա» բուժման կենտրոն են տարել 20 օրով եւ ոտքը ընդամենը շարժել են, սակայն դա իմ կարծիքով բուժում չէ»,-ասաց Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:



























