Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը դեկտեմբերի սկզբին հրապարակավ խոստացավ 2010 թ. ձուն այլեւս չթանկացնել։
«Ամանորի նախաշեմին ձվի գները հանրապետությունում նույնիսկ 1 լումայով չեն թանկանա»,-դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսում հանդիսավոր խոսք տվեց Մ. Եփրեմյանը։ Այն ժամանակ ձեւավորված ձվի սպառողական գները՝ (50 դրամ նորմալ չափսի ձվերը եւ 60 դրամ՝ մեծ չափսի ձվերը) թռչնաբուծարաններին հնարավորություն են տալիս աշխատել շահույթով, ուստի թանկացումների կարիք չկա:
Սակայն մի քանի օր է՝ Լուսակերտի թռչնաֆաբրիկան խանութներին ձու է մատակարարում հատը նվազագույնը 60 դրամով։ Ընդ որում՝ խանութներից մեծ ջանք է պահանջվում ձու ստանալ, քանի որ այն պարզապես դեֆիցիտ է։ Լուսակերտի թռչնաֆաբրիկայից խանութներին պարզաբանում են, որ ձվի մեծաքանակ պատվեր են իրականացնում բանակի կարիքների համար, ինչի հետեւանքով էլ առաջացել է սույն դեֆիցիտը:
Նշենք, որ մինչեւ 2009 թ. բանակի ձվի հիմնական մատակարարը եղել է Լուսակերտի թռչնաֆաբրիկան։ Սակայն 2010 թ. բանակը փոխել է մատակարարին՝ ընտրելով Երեւանի թռչնաֆաբրիկային։ Դա այն հիմնական պաատճառներից մեկն էր, որը ֆինանսական բարդություններ ստեղծեց Լուսակերտի թռչնաֆաբրիկայում, եւ հիմք դարձավ դրա վաճառքի կամ կլանման մասին բանակցությունների։
Այնուամենայնիվ նշենք, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի մատակարարած 60 դրամանոց ձուն ներկայում շարունակում է մնալ ամենաէժանը, քանի որ մյուս թռչնաֆաբրիկաների մեծածախ նվազագույն գինը 65 դրամն է։





























