Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է բազմազավակ ընտանիքների աջակցության մեծացում եւ բնակչության վերարտադրողականության ընդլայնմանն ուղղված միջոցառումներ: Կառավարության հունվարի 18-ի նիստում համապատասխան փաթեթը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Առաջարկվում է լրացումներ կատարել մի շարք օրենքներում՝ «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տարրական մասնագիտական եւ միջնակարգ մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին»: «Այս լրացումների նպատակն է հարաբերությունների կարգավորումը, որոնք կապված են բազմազավակ ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու, բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները բավարարելու եւ խնդիրներն ինքնուրույն լուծելու, նրանց սոցիալական մեկուսացումը կանխելու եւ ընդհանրապես երկրում ժողովրդագրական վիճակը բարելավելու հետ»,- պարզաբանեց նախարարը:
Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված է, որ բազմազավակ ընտանիքներին պետության աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի ներկայիս ժողովրդագրական իրավիճակով, մասնավորապես՝ ծնելիության ցածր մակարդակով: Հայաստանում ծնելիության մակարդակն անկարող է նույնիսկ պարզ վերարտադրություն ապահովել, ինչի համար անհրաժեշտ է, որ մեկ ընտանիքը 2,1 երեխա ունենա: Առաջիկա տարիներին ամուսնանալու տարիքի է հասնում մեծ թիվ չկազմող սերունդը, որը ծնվել է 2000-ականների սկզբին, որի վերարտադրողական պոտենցիալը պետք է ամբողջությամբ օգտագործվի: «Ժողովրդագրական կայունության համար պետք է ապահովել ոչ միայն պարզ, այլ նաեւ ընդարձակ վերարտադրություն, կտրուկ մեծացնել ընտանիքների թիվը, որոնք նրանց հատկացված որոշ երաշխիքների ճանապարհով ունեն 4 եւ ավելի երեխա»,- նշված է փաստաթղթում:
Ներկայումս Հայաստանում բազմազավակ ընտանիքների սատարման քիչ ծրագրեր կան, որոնք ընդամենը ուղղված են սոցիալական խնդիրների լուծմանը, բայց ոչ բազմազավակության խրախուսմանը:




























