ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածը դեռեւս կառուցող ընկերության սպասարկման տակ է, որը եղած ճաքերի նկատմամբ վերահսկողություն է իրականացվում: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է նախարարը՝ անդրադառնալով «Ազատության» պատրաստած ռեպորտաժին, որի համաձայն նորակառույց ճանապարհի արտաքին շերտն սկսվել է քայքայվել:
«Գիտեք, ամեն ինչ էլ կարող է լինել: Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե ժամանակին անցել են, եթե հիմա անցնում են, հնարավոր է այդպիսի բաներ լինեն, բայց իհարկե դա պետք է վերականգնվի»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, որ ճանապարհի այդ հատվածը կառուցած ընկերությունն իսպանական այն ընկերությունն է, որի վերաբերյալ մամուլում հրապարակումներ կան կոռուպցիոն դրսեւորուների մասին, եւ հարցին՝ չե՞ք կարծում, որ օրինակ՝ ցեմենտն են պակաս օգտագործել եւ այլն, նախարարը պատասխանեց. «Իմ կարծելը քիչ է: Լաբոլորատոր փորձարկում կանցկացվի, եթե լաբարատոր փորձարկումը ցույց տա, որ վատ է արված, իհարկե դա սպասարկման ընթացքում պետք է վերականգնվի»:
Այդ կարգի շինարարության համար, ըստ նրա, 2 մլն դոլարը մեծ գումար չէ, կարող է ավելի էլ լինել. «Ըստ ներկայացված փաստաթղթերի, թերացում չի եղել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե պարզվի որակի առումով խնդիրներ կան այդ ամենը պետք է շտկվի շինարարությունն իրականացնողի հաշվին:




























