Ղարաբաղյան խնդիրը մեկ օրում չի լուծվի: Եթե հակամարտության կողմերն անգամ համաձայնությունների փաթեթ ստորագրեն, խնդիրը, միեւնույն է, ամբողջությամբ չի լուծվի: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ սա շատ երկարատեւ գործընթաց է: «Կրկնեմ՝ ես փորձագետ չեմ, սակայն հասկանում եմ, որ չի ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը տարածքների հանձնում է նախատեսում, եւ՝ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից հետո: Ո՛չ, այդպիսի բան չի լինի»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ հիմնական հարցերը փաթեթով կլուծվեն, իսկ մնացյալը, որտեղ նյուանսները կառանձնացվեն, փուլ առ փուլ:
Նա շեշտեց, որ անկախ նրանից, թե պետության ղեկավարը ով կլինի, եւ անկախ պետական կարգից, ոչ մեկը չի ստորագրի փաստաթուղթ, որը կարող է վնաս հասցնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերին:




























