Ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը զենքի մի տեսակ է, որը փոխում է «խաղի կանոնները», գրում է National Interest-ը:

Պարբերականը  նշում է, որ Ս-400-ը գերազանցում է արեւմտյան նմանօրինակ զենքերը  մի քանի պարամետրերով: Նախ, ռուսական  տարբերակը կարող է միանգամից  արձակել տարբեր հեռավորությունների զենիթային կառավարվող հրթիռներ: Մասնավորապես, NI- ն են  կոչվում չորս այնպիսի հրթիռներ, որոնց  թռիչքի հեռավորությունը կազմում է համապատասխանաբար 40, 120, 250 եւ 400 կիլոմետրեր: Ամերիկյան «Պատրիոտ»-ը, ինչպես գրում է պարբերականը, կարող է հրթիռներ արձակել միայն 96 կիլոմետր հեռավորության վրա:

Ապա, National Interest-ը ընդգծում է զենիթային հրթիռներից մեկի (խոսքը 9M96E2-ի մասին է՝ 120 կիլոմետրեր թռիչքի հեռավորությամբ) հիանալի բնութագրիչները: Պարբերականը նշում է, որ այս հրթիռը ոչ միայն վայրկյանում հինգ կիլոմետր արագությամբ թռիչքներ է կատարում, այլ նաեւ ի վիճակի է կրակել մինչեւ հինգ մետր բարձրության վրա գտնվող թիրախները:

Ռազմական առաջատար փորձագետներից  Կարլո Քոփը նշում է, որ Ս-400-ները կարող են հագեցած լինել հատուկ ռադարներով, որոնք նախատեսված են ժամանակակից քիչ նկատելի թռչող  սարքերի  ոչնչացման համար, ինչպիսիք են՝ F-22-ն  ու F-35-ն:

Միեւնույն ժամանակ, պարբերականը շեշտում է, որ Ս-400-ի զարգացումը հնարավորություն է տալիս Ռուսաստանին Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի երկրների համեմատ ունենալ համեմատաբար ոչ մեծ կործանիչների ավիապարկ: