Այս տարի Եվրոպան պետք է վերանայի առաջիկա տասը տարիների զարգացման ռազմավարությունը: Այս մասին Դավոսում տնտեսական համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆրանսիան վերադարձել է: Ֆրանսիան վերադարձել է Եվրոպայի սիրտ: Բայց մենք երբեք չէինք կարող հաջողության հասնել Ֆրանսիայում, առանց Եվրոպայի հաջողությունների», - ասել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ «աշխարհի մասնատումից խուսափելու համար ուժեղ Եվրոպա է անհրաժեշտ»:

«Մենք ուժեղ Եվրոպայի կարիքն ունենք, որպեսզի կարողանանք ինտեգրվել աշխարհին: Ես կարծում եմ, որ մենք պետք է տասը տարվա ռազմավարությունը փոխենք` տնտեսության, սոցիալական հարցերի, գիտության եւ քաղաքականության հարցերի վերաբերյալ», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովը  հունվարի 23-26-ը կտեւի: Մակրոնի ելույթը հեռարձակվել է համաժողովի պաշտոնական կայքում: