Կառավարության այսօրվա՝ հունվարի 25-ի որոշմամբ, Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ ըստ նախագծի` Արագածոտնի մարզի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշակերտների թիվը 2 է, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը՝ 9:
«Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բնականոն հանրակրթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը: Երեխաներից մեկը սովորում է երկրորդ, մյուսը՝ ութերորդ դասարանում, կոմպլեկտավորման որևէ հնարավորություն չկա»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Նր խոսքով, աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել «Վերին Բազմաբերդի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ:




























