Ազգային ժողովի Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովը հաջորդ շաբաթ՝ հունվարի 31-ին, կքննարկի «Ելք»-ի պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը:
«Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017 թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը ընդգրկված է հունվարի 31-ին անցկացվելիք հանձնաժողովի նիստին:
Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը առաջին անգամ քննարկվել էր 2017 թվականի հոկտեմբերի 10-ին, սակայն որոշում չէր ընդունվել, քանի որ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը «Ելք»-ին առաջարկել էր ներկայացնել հարցի լրամշակված տարբերակը։
Հարցն ընդգրկվել էր նաեւ հանձնաժողովի հունվարի 11-ի նիստի օրակարգում, սակայն հետաձգվել էր, քանի որ հիմնական զեկուցողը՝ Արտակ Զեյնալյանը բացակայում էր:




























