Վրաց սահմանապահների կողմից «Նինոծմինդա» սահմանային անցակետում  հունվարի 21-ին Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք, որի մանրամասները նա ներկայացնում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը իր հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտման հետ կապված արդեն բողոքներ է ներկայացրել եվրոպական կառույցներին:

Բողոքներ են ուղարկվել, մասնավորապես, Եվրոպական Միության արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուիժնիկսուն:

Բողոքում նշվում է, որ Զարուհի Փոստանջյանի քաղաքական գործունեությունը խաթարում է Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պլանները եւ ամենայն հավանականությամբ, վրացական իշխանությունները Զարուհի Փոստանջյանին, ով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպան է, ընդգրկել են այսպես կոչված «սեւ ցուցակում»:  «Եվ՛ Հայաստանը, եւ՛ Վրաստանը՝ ստանձնելով պարտականություններ Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպական Միության իրավական նորմերի շրջանակներում, պարտավոր են կատարել ստանձնած  առաքելությունները»,-ասել է նա: