«Առեւտրային միջանցքների մասին» ռուս-վարացական համաձայնագիրը երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար պարտավորություններ չի ստեղծի: Այս մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ասել է «Կոմերսանտի» հետ հարցազրույցում:
Ի պատասխան այն հարցին, որ այս համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն Հայաստանը կլինի, եւ Մոսկվան դա անում է նույնիսկ ոչ այնքան իր համար, որքան Երեւանի խնդրանքով, Կարասինն ասել է. «Հայաստանի խնդրանք իսկապես ունենք: Սակայն տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ զուտ երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի աջակցությամբ: Այն երրորդ երկրների համար, ներառյալ, բնականաբար, Աբխազիան եւ Հարավային Օսիան, պարտավորություններ չի ստեղծում»:
Նա շեշտել է, որ ռուսական կողմն այս համաձայնագրի հետ մեծ հույսեր է կապում, որ այն տարածաշրջանում առեւտրին հզոր խթան կհաղորդի:
«Այս միջազգային պայմանագրում նշված են վայրերի ճշգրիտ աշխարհագրական կոորդինատները, որ նախատեսված են վրացական մաքսային ծառայության համար: Դա Ռուսաստանի սահմանին Կազբեգի շրջանն է եւ Գորիի շրջակայքը»,- ասել է Կարասինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն, իր հերթին, կաշխատի արագ ավարտել ներպետական ընթացակարգերը, իսկ առաջիկա ամիսներին ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Միայն դրանից հետո համաձայնագիրը կկարողանա իրականացվել: «Առեւտրային միջանցքնեևրի մասին» համաձայնագրի իրականացումը կարող է հայկական բեռների համար բացել տրանսկովկասյան մագիստրալը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականին, երբ Վրաստանը հանել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն: Վրացական կողմը պայման է առաջադրել, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով բեռներն անցնեն Ռուաստանից առեւտրային միջանցքներով: Ըստ որում՝ կողմերը պարտավորվել են միջազգային միջնորդների հրավիրել բեռների հոսքը եւ մակնշումը վերահսկելու համար: Միջնորդ է դարձել շվեյցարական SGS ընկերությունը:



























